Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Սրտիս պարտքը» վերնագրով վերլուծություն է արել, որն ամբողջովին նվիրված է Գագիկ Ծառուկյանին: Առաջին նախագահը փորձել է երրորդ նախագահի` ԲՀԿ առաջնորդի առնչությամբ հնչած տեսակետների լրիվ հակառակն ապացուցել: Ներկայացնելով այդ կուսակցության «զարգացման ուղիները», Տեր-Պետրոսյանն ասում է. «Ծառուկյանը և նրա ղեկավարած կուսակցությունը կամովին հրաժարվեցին իշխանական համակարգում և գործարար դաշտում զբաղեցրած առավել քան հարմարավետ ու անվտանգ դիրքից և ընտրեցին ընդդիմադիր քաղաքական պայքարի ճանապարհը՝ դա բացատրելով Հայաստանի իշխող վարչախմբի արատավորության հետ այլևս չհաշտվելու և բացառապես ժողովրդի շահերով առաջնորդվելու նպատակադրությամբ։ Շատերը չհավատացին Ծառուկյանի անկեղծությանը, ոմանք էլ փորձեցին Ծառուկյանի վարքագծի փոփոխությունը վերագրել նրա անհամաչափ քաղաքական ամբիցիաներին՝ պնդումներ, որոնք երկուսն էլ միանգամայն անհիմն են ու կասկածելի»: Այնուհետև առաջին նախագահը համեմատություն է անցկացնում իր երբեմնի թիմակցի` Խաչատուր Սուքիասյանի և Գագիկ Ծառուկյանի միջև ու եզրահանգում. «Ինչո՞ւ պիտի հրաժարվեր իր փափուկ կյանքից և ընտրեր մեր իրականության պարագայում վտանգներով հղի ընդդիմադիր գործունեության բնագավառը»: Հետաքրքիր է, Սուքիասյանը ինչպես է վերաբերվում իր և Ծառուկյանի համեմատությանը: Իսկ մինչ այդ ժամանակին գիտաշխատող, գիտությունների թեկնածու առաջին նախագահը յուրովի է մեկնաբանում Ծառուկյանի մտավոր ունակությունները: «Ամբիցիա կամ իր գաղափարներն ու ծրագրերն իրականացնելու հավակնություն չունեցող մարդն ի՞նչ գործ ունի քաղաքականության հետ։ Իսկ երբ ասում են, թե այդ ճշմարտությանը դեմ չեն, բայց քաղաքական գործչի ամբիցիաները պետք է հիմնավորված լինեն, այսինքն` համապատասխանեն իր ինտելեկտուալ մակարդակին ու անձնական որակներին, ապա դա էլ ոչ թե ինչ-որ մեկի, այլ ժողովրդի որոշելիքն է, ինչը ժողովրդավարական երկրներում իրագործվում է ազնիվ ընտրությունների միջոցով»,-ասում է Տեր-Պետրոսյանը:
Թերևս նրա վերլուծության ամենաուշագրավ հատվածներից մեկը վերաբերում է ԲՀԿ-ում առկա «խառնակիչներին», որոնց պատճառով, ըստ առաջին նախագահի, այս անգամ ԲՀԿ-ի պայքարը տապալվեց: «Այդ սխալների մի մասը գալիս է Ծառուկյանի քաղաքական փորձառության պակասից, իսկ մեծագույն մասը՝ ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների մի փոքրիկ խմբակից, որն ուղղորդվում է բոլորովին մի այլ կենտրոնից և հետամուտ է բոլորովին մի այլ ծրագրի։ Թե՛ Ծառուկյանին, թե՛ «Բարգավաճ Հայաստանին», և թե՛ Համաժողովրդական շարժմանը ոչ ոք այնքան վնաս չի տվել, որքան այդ խմբակի՝ մեծ վերլուծաբանների հավակնություն ունեցող մի քանի անդամները։ Ես անուններ չեմ տալիս, որովհետև խառնակչությունը շարունակելու պարագայում այդ մարդիկ իրենք իրենց կմատնեն և բոլորը կկռահեն, թե ում մասին է խոսքը»: Դժվար չէ կռահել, թե ում նկատի ունի ՀԱԿ ղեկավարը, քանի որ հատկապես քաղաքական դաշտի ներկայացուցիչները գիտեն` ովքեր են ԲՀԿ-ի վերլուծաբանները:
Ի վերջո, Լևոն Տեր-Պետրոսյանը ելք է նախանշում և փաստում, որ դեռ Ծառուկյանը անելիք ունի: «Երկրի արմատական բարեփոխման միակ ելքը բուրժուազիայի և առողջ քաղաքական ուժերի համագործակցությունն է, այլ կերպ ասած, անարյուն բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը։ Ես համոզված եմ, որ այդ վաստակն անհետք չի մնալու։ Հայկական բուրժուազիայի մյուս ներկայացուցիչները վաղ թե ուշ հետևելու են նրանց օրինակին, քանի որ այլապես և՛ երկրի, և՛ իրենց ապագան վտանգված է լինելու։ Ծառուկյանի և Սուքիասյանի մասին այստեղ ասվածը սոսկ պատմական իրողության արձանագրում չէ, որովհետև վստահ եմ, որ թե՛ մեկը, թե՛ մյուսը քաղաքականության մեջ դեռ իրենց վերջին խոսքը չեն ասել»: Կարելի է ենթադրել, որ այս օրերին հնչող այն խոսակցությունները, թե ԲՀԿ առաջնորդը հեռանում է կուսակցության «ղեկից», ՀԱԿ ղեկավարի սրտով չէ, ու նա ամեն կերպ փորձում է նրան «պահել» քաղաքականության մեջ, քանի որ ակնհայտ է, ով էլ փոխարինի Ծառուկյանին, ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի հարաբերություններն այսօրվա մակարդակը չեն ունենա, այսինքն` հնարավոր է անգամ խզում լինի:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ